Մարտի 1-ի դեպքերի տարելիցին նվիրված հավաք-երթն ավարտվեց Մյասնիկյան հրապարակում

20:13, 1 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցության, Հայաստանի Ժողովրդական կուսակցության, «Նոր Հայաստան» նախաձեռնության, ԱԻՄ կուսակցության, «Հայաստան» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած համատեղ հիշատակի հավաք-երթն ավարտվեց Մյասնիկյան հրապարակում՝ զոհվածերի հիշատակին ծաղիկների խոնարհումով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազատության հրապարակում մարտի 1-ին տեղի ունեցած կարճատև հավաքի ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետևանքների վերացման խնդրին՝ Արամ Մանուկյանը կարևորեց զոհերի հարազատներին փոխհատուցումների տրամադրման, մարտի 1-ին զոհվածների մահվան համար պատասխանատու անձանց պատժի ենթարկելու, ինչպես նաև Ազգային ժողովում մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը:

«Մարտի 1-ի դեպքերի կրկնությունը թույլ չտալու և արդարության հասնելու համար անհրաժեշտ է ամեն տարի այս օրը հավաքվել ու հարգել զոհերի հիշատակը: Պարտավոր ենք ամեն տարի հավաքվել, հիշել և միջազգային կառույցների հետ համագործակցելով, իշխանությունների վրա ճնշում գործադրելով՝ հասնել արդարության»,- ասաց Արամ Մանուկյանը:

Երթի կազմակերպիչ վեց ուժերի համատեղ հայտարարությունը ընթերցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Համաձայն հայտարարության՝ այն ստորագրած ուժերը հետամուտ են լինելու մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը պայքարի բոլոր օրինական միջոցներով՝ զանգվածային հանրային միջոցառումներ, ԱԺ-ում հարցի բարձրացում և միջազգային կառույցներում ու դատական ատյաններում խնդրի արծարծում:  

Նշվեց նաև, որ հայտարարության համահեղինակ ուժերը սատարում են մարտի 1-ը պետական հիշատակի օրերի մեջ ներառող՝ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը:

Հայտարարության ընթերցումից հետո հիշատակի երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի առջևի հրապարակ, որտեղ Մյասնիկյանի արձանի առջև ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ զոհվածների: Միաժամանակ նույն վայրում զոհվածների հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև երթն ուղեկցող ոստիկանները:


© 2009 ARMENPRESS.am