Երուսաղեմի Հայ դատն ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության մասին նախագիծը կմտնի Կնեսետի օրակարգ

09:24, 22 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում պարզ կլինի, թե Հայոց ցեղասպանության մասին նախագիծը երբ կմտնի Իսրայելի Կնեսետի լիագումար նիստի օրկարագ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը:

«Մենք այժմ աշխատում ենք կոնկրետ ժամկետ ճշտելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ առաջիկայում դա պարզ կլինի: Ինչպես գիտենք, Հայոց ցեղասպանության մասին նախագիծը քննարկվել է Կնեսետի Կրթության մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովում և հիմա սպասում ենք, որ այն ներառվի լիագումար նիստի օրակարգ և քննարկվի»,-ասաց Հակոբ Սևանը:

Նա նկատեց, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված դրական իմաստով փոփոխություններ են նկատվում: «Իսրայելի Կնեսետի մոտեցումներում Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված վերջին տարիներին բավական առաջընթաց է արձանագրվում: Մենք տարբեր հարթություններում, տարբեր մակարդակներում աշխատում ենք: Մասնավորապես, աշխատանք է տարվում այն պատգամավորների հետ, ովքեր Հայոց ցեղասպանության հարցում դրական կեցվածք ունեն»,-ասաց Հակոբ Սևանը: Նրա խոսքով, նկատվում է, որ այդպիսի պատգամավորների շրջանակն ավելանում է: Հակոբ Սևանը նաև բավական դրական գնահատեց գիտական հաստատություններում Հայոց ցեղասպանոթյան թեմայով կազմակերպված գիտաժողովները և այլ նախաձեռնությունները: 



© 2009 ARMENPRESS.am