Մրցույթ` Եվրոպայի հայ համայնքի կյանքն արտացոլող լուսանկարների համար

17:30, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում ապրող հայերի, հրեաների, գնչուների և ասորիների կյանքը ներկայացնող լուսանկարները կարող են մասնակցել մրցույթի: Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի, «Պիրեն Ամենցա» և Հրեա ուսանողների եվրոպական միության նախաձեռնությամբ անցկացվող մրցույթն իրականացվում է «Սփյուռքների Եվրոպա» ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթի նպատակն է օգնել Եվրոպայի սփյուռքներին տեղ գրավել քարտեզի վրա: Սփյուռքները ճանաչելի են ոչ միայն իրենց գծած սահմաններով, այլև եվրոպական երկրների հասարակությունների  կյանքում իրենց ունեցած ներդրումներով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել «A Europe of Diasporas» ֆեյսբուքյան էջին, կայքում վերբեռնել նկարը, որը վերաբերում է հայերին, հրեաներին, գնչուներին կամ ասորիներին: Լուսանկարներում պետք է արտացոլված լինեն ինչ-որ վայրեր, անձինք կամ գործողություններ: Պետք է նաև անվանում տալ նկարին, նշել վայրը և ամփոփ ներկայացնել պատմությունը:

Հաղթողները կստանան հնարավորություն շահելու GoPro տեսախցիկ և մասնակցելու Եվրոպական խորհրդարանում անցկացվող ցուցահանդեսի: Մրցույթին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի անձինք` անկախ բնակության վայրից: Դիմելու վերջնաժամկետը 2016-ի մարտի 31-ն է:


© 2009 ARMENPRESS.am