Սիրիական հակամարտության կարգավորման Ժնեւի բանակցությունները դադարեցվել են մինչեւ փետրվարի 25-ը

10:00, 4 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության կարգավորման Ժնեւի բանակցությունները դադարեցվել են մինչեւ փետրվարի 25-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրային:

Դե Միստուրան նշել է, որ բանակցությունների կասեցման պատճառ է դարձել այն, որ կողմերն իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին ընթացակարգային հարցերի քննարկման, այլ ոչ թե Սիրիայի ժողովրդի հումանիտար խնդիրների լուծման վրա: Ընդսմին դե Միստուրան ժխտել է այն ենթադրությունը, որ բարդությունները կարող էին պայմանավորված լինել Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններով: «Այդ հարցերը չէին քննարկվում»,- նշել է նա:

Ինչպես ասել է դե Միստուրան, բանակցությունների մասնակիցներին անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել: «Նախապատրաստական բանակցությունների առաջին շաբաթից հետո դեռեւս շատ աշխատանք է մնացել, որն անհրաժեշտ է անել, ոչ միայն մեր կողմից, այլեւ շահագրգիռ կողմերի»,- հայտարարել է դիվանագետը:

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին նշել է, որ բանակցությունները կասեցվել են դրանք լքելու ընդդիմության մտադրության պատճառով: Նման ցուցում, ինչպես պնդում է Ջաֆարին, նրանց տվել են Սաուդյան Արաբիայի, Քատարի եւ Թուրքիայի իշխանությունները:

 

Լուսանկարը` Reuters


© 2009 ARMENPRESS.am