Սպասվող լրահոս. 28.01.2016

10:03, 28 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այսօր` հունվարի 28-ին, լրանում է Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարին: Ինչպես օրն, այնպես էլ սպասվող լրահոսը տոնական է:  Բանակի օրվա առթիվ կայանալու է ՀՀ ՊՆ հետազոտական համալսարանի բացումը: 

Աջակցություն զինվորներին` «Շնորհակալ եմ քեզ հայ զինվոր» խորագրով բարեգործական ակցիայի շրջանակներում: Այսօր Հանրապետության Հրապարակում  «Civil Voice» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվելու է արդեն ավանդույթ դարձած «Շնորհակա՜լ եմ քեզ, հա՛յ զինվոր» բարեգործական ակցիան: Վերջինիս նպատակն է հավաքագրել և փոխանցել անհրաժեշտ պարագաներ սահմանամերձ գոտիներում իրենց զինվորական ծառայությունն իրականացնող զինվորներին:

Այսօր բանակի կազմավորման թեմայի շուրջ խոսելու են պատերազմի բովով անցած մարտիկները: Գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը, ղարաբաղյան պատերազմի մասնակից, երգահան Դավիթ Ամալյանը կկիսվեն իրենց հիշողություններով: Թեմային անդրադառնալու են նաև մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչները ` բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ազատարմարտիկ, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Օրվա լրահոսում բանակի թեման կշարունակվի նաև Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շեշտադրմամբ:  «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը, ղարաբաղյան պատերազմի մասնակից-ազատամարտիկներ՝ Արագած Մկրտչյանը եւ Ռաֆիկ Ղազինյանը կանդրադառնան Ադբեջանի սադրանքներին, հայկական կողմի գործողություններին:

Քննարկումներ ղարաբաղյան պատերազմի, բանակի ձևավորման, բանակի ձեռքբերումների մասին: «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ հիմնադիր նախագահ Աիդա Սերոբյանը և արցախյան գոյամարտի ազատամարտիկները կպատմեն իրական պատմություններ  կապված բանակաշինության, արցախյան գոյամարտում Հայոց բանակի ձևավորման, կայացման և այսօրվա մեր սահմանները պահող հայ զինվորի տոկունության մասին: 

Տոնական օրը կավարտվի տոնական համերգով: Այն տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


© 2009 ARMENPRESS.am