Աշոտյանը 2015թ. Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար նշանակալի ձեռքբերումների տարի է համարում

14:07, 30 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարի ուղերձը տեղադրված է նրա ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2015 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ նշանակալի ձեռքբերումների, նոր նախաձեռնությունների և ամենակարևորը՝ աշխարհի կրթական քարտեզի վրա մեր տեղն ընդգծելու և վերարժևորելու տարի:

Բարեփոխումների լայնածավալ գործընթացի և ապագա ծրագրերի շնորհիվ մեր կրթական համակարգն այսօր զարգանում է միջազգային չափանիշներին համաքայլ՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին: Լիահույս եմ, որ գալիք տարում նույնպես բարեփոխումների ճկուն գործընթացի շարունակականությունը, բարձրակարգ և որակյալ կրթության ապահովումը, կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ու խստապահանջությունը յուրաքանչյուրիս համար կշարունակեն մնալ առաջնահերթ ուղենիշ:

Ցանկանում եմ, որ 2016 թվականը լինի խաղաղության, միասնության, հաղթանակների և առաջընթացի, համայն հայության ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի: Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք: Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում»:


© 2009 ARMENPRESS.am