Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի 2016թ բյուջեի նախագիծը

18:24, 17 Դեկտեմբեր, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 17  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու ավագանին տարեվերջյան նիստի ժամանակ հաստատեց քաղաքի 2016 թվականի գլխավոր փաստաթուղթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավագանին միաձայն ու ծափերով  հաստատեց բյուջեի նախագիծը, թեև մինչև Գյումրու գլխավոր փաստաթղթի ընդունումը քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հատկապես կարևորելով բյուջեի հաստատման փաստը, իր դժգոհությունը հայտնեց ավագանու այն անդամներից, ովքեր ներկա չէին նիստին: Համայնքի բյուջեի եկմուտներն ու ծախսերը համահավասար են` 3 մլդ 95 մլ 854 հազար դրամ: Այս տարվա դոտացին նախատեսվել է 1 մլդ 966 մլն 760 հազար դրամ գումար և համապատասխանաբար սեփական եկամուտներ գումարը կկազմի 1 մլդ 129 մլն 94 հազար դրամ:

Բացի այս հարցից, ավագանին նիստում միաձայն հաստատեց ևս 17 հարց: Ավագանին որոշեց բյուջեից հատկացնել 100 հազար դրամ գումար՝ զոհված զինծառայող Հրաչ Սարգսյանի հիշատակին նվիրված հուշատախտակի և ցայտաղբյուրի տեղադրման համար, նույնքան գումար բյուջեից կտրամադրվի «Երկրապահ կամավորների միության» Գյումրու տարածքային  բաժանմունքին` որպես օգնություն: Ավագանին որոշեց նաև 1 մլն 242 հազար դրամը համամասնորեն բաշխել սոցիալապես անապահով 120 անձանց:

Ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին որպես նվիրատվություն բյուջեից գումար հատկացնելու օրակարգային հարցը: Ներկայացնելով այս հարցը` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ այս տարի տոնական միջոցառումների կրճատման հաշվին տնտեսված 5 մլն դրամը կհատկացվի այս հիմնադրամին, որն ավելի նպատակային է: Գյումրին իր բյուջեից 2 մլն դրամ կտրամադրի նաև «Աջակցություն Շիրակի մարզի համայնքերին» բարեգործական ծրագրին:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am