ՀՀ վարչապետը վստահեցնում է՝ հանրաքվեի ընթացքում խախտումներ իրականացնողները կպատժվեն

13:32, 7 Դեկտեմբեր, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում խախտումներ իրականացրած անձինք կպատժվեն: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավաստելով, որ խախտումներ կատարողներն «արջի ծառայություն են մատուցել»: «Եթե եղել են դեպքեր, ուրեմն դրանք «արջի ծառայություն են մատուցել» իշխանություններին և անպայման, օրենքի շրջանակներում, կկրեն պատասխանատվություն: Բայց ես դեռ չգիտեմ այդպիսիք կային, թե՝ ոչ: Իսկ նախնական տվյալներով, մեր քաղաքացիների մոտ 63 տոկոսն ասել է «այո», իսկ դա 5 կամ 10 հազար ձայնի տարբերություն չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հովիկ Աբրահամյանը` փաստելով, որ դիմում-բողոքների դեպքում կբացվեն տեղամասերը կստուգվեն և խախտումների արձանագրման դեպքում մեղավորները կպատժվեն:

Խոսելով Գյումրիում սահմանադրական փոփոխությունների հանարքվեի «ոչ»-ի բարձր տոկոսի մասին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա գյումրեցիների որոշումն է: «Մենք իրենց կարծիքի հետ համաձայն ենք, մենք մեր գործն ենք անում և հարգում ենք մեր քաղաքացիների կարծիքը. թող իրենք որոշեն` «այո» թե «ոչ»:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am