Ճապոնական պատվիրակությունը ծանոթանում է հայկական մշակույթին

19:47, 20 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի երեք դերասան և երկու պրոդյուսեր Հայաստանում են` ծանոթանալու հայկական մշակույթին: Դերասանուհիներ Սավակո Շիգա, Մայոկո Աոյաման և Սաֆո Յատագավան, ինչպես նաև պրոդյուսերներ Նատորի Տոշիյուկին և Կավագուչի Կոուձոն առաջին անգամ են մեր երկրում:

Ճապոնական պատվիրակության անդամ դերասանուհիները նոյեմբերի 20-ին այցելեցին Կամերային երաժշտական թատրոն`դիտելու «Սասունցի Դավիթ» ներկայացումը (բեմադրիչ` Դավիթ Հակոբյան):

«Մեր պատվիրակությանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունն է առաջարկել թատրոններ դիտարկել: Եկել ենք ներկայացումներ դիտելու, տեղեկատվություն ստանալու: Հետագայում հնարավոր է համագործակցենք Հայաստանի հետ: Մեր համագործակցությունը չի սահմանափակվելու միայն այս թատրոնով, այլ թատրոնների հետ էլ ենք համագործակցելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Մայոկո Աոյաման:

Կամերային երաժշտական թատրոն փոխտնօրեն Տաթև Մանվելյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 19-ին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հայ և ճապոնացի թատերական գործիչների հետ հանդիպում էր կազմակերպել, և բացի նրանից մասնակցել են ներկայացուցիչներ Երևանի պետական կամերային և Մհեր Մկրտչյան արտիստական թատրոններից:

«Համագործակցության մասին պայմանավորվածություն չի եղել, բայց կարծիքներ, մտքեր են քննարկվել: Դեսպանությունը նոր է ստեղծվել, ուզում է երկկողմ մշակութային կապեր ապահովել: Դեսպանը տրամադրված է, որ հայ –ճապոնական մշակութային համագործակցություն լինի»,-նշեց նա:

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվելեն 1992թ.սեպտեմբերի 7-ին: 2010թ. հունիսից Ճապոնիայում գործում է ՀՀ դեսպանությունը: 2014թ. հունվարից ՀՀ-ում գործում է Ճապոնիայի դեսպանությունը: 


© 2009 ARMENPRESS.am