Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
17:38, 31 Հոկտեմբեր, 2015ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինայի թերակղզում կործանված ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկ չի փրկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՌԻԱ լրատվականը, այս մասին հայտարարություն է արել Եգիպտոսի կառավարությունը:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Հետագայում պարզվել է, որ այն կործանվել է Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: Արդեն վթարի վայրից դուրս են բերվել 150 զոհերի դիերը:
Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:
Հայտնի է, որ ինքնաթիռի բոլոր ուղևորները ՌԴ քաղաքացիներ են եղել:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարակով` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ԱԻՆ օդանավով կմեկնի Կահիրե: Օդանավակայանի ղեկավարությունը քննիչներին է հանձնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք առնչվում են ինքնաթիռի տեխնիկական վիճակին, վառելիքի քանակին և ուղևորների թվին, որը գրանցվել է թռիչքից անմիջապես առաջ:
© 2009 ARMENPRESS.am