Վերին Լարսի անցակետը վերադառնում է շուրջօրյա ռեժիմի

21:37, 20 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհը հուլիսից սահմանված սահմափակումներից հետո այսուհետ գործելու է առանց սահմանափակումների` վերադառնալով աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ներկայացուցիչը: Ավտոմեքենաների շարժը Վլադիկավկազ-Լարս բնակավայր ավտոճանապարհով արգելվում էր հուլիսի 27-ից` ամեն օր մոսկովյան ժամանակով 19:00-ից 4:00-ն, մինչ հետագա ծանուցումը:

«Ժամը 18:00-ից Ռազմավիրական ճանապարհն անցնում է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավտոմեքենաների շարժի սահմանափակումները մտցվել էին Վրաստանի տարածքում սառցադաշտի առատ հալոցքի, սելավների հոսքի սպառնալիքի, Վրաստանի լեռնային շրջանների օդերևութաբանական իրավիճակի գիշերային մոնիթորինգի անցկացման և ավտոմեքենաների  անվտանգ անցման անվտանգության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության խորհրդով:    


© 2009 ARMENPRESS.am