ՌԴ օդային ուժերը 88 հարված են հասցրել ահաբեկիչների դիրքերին

20:26, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդային ուժերը 88 հարված են իրականացրել Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 13-ին տեղեկացրել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում «Իսլամական պետության» 86 նպատակակետեր են հայտնվել ռուսական օդուժի թիրախում: Ռուսական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի դիրքերը, մասնավորապես, Ռակկայի, Համայի, Իդլիբի, Լաթաքիայի և Հալեպի նահանգներում:

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ  24 ժամվա ընթացքում ռուսական օդային ուժերը 64 օդային հարվածներ էին հասցրել Համայի, Լաթաքիայի, Իդլիբի, Ռակկայի նահանգներում ահաբեկչական խմբավորումների դիրքերին` մեծ վնասներ հասցնելով ահաբեկիչներին:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:


© 2009 ARMENPRESS.am