Իվետա Մուկուչյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ին

20:06, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը: Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրի շրջանակներում հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:

«Անչափ ուրախ եմ եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի «Եվրատեսիլ»-ին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ` կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,- նշել է Իվետա Մուկուչյանը:

Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ եւ հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 13-ը ուղարկել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին:

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986-ին Հայաստանում: Նա 5 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:

Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:
Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաեւ մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»:

Լուսանկարը` Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից


© 2009 ARMENPRESS.am