Գյումրեցի երիտասարդն ստեղծում է ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքներ

22:19, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի արհեստավորների սերնդի ներկայացուցիչ Վալեր Նազարեթյանն ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքների ստեղծման շնորքը համարում է աստվածատուր: Այս մասին հոկտեմբերի 12-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Ափի մեջ» երաժշտական փոքր գործիքների ցուցահանդեսի բացման արարողությունը նշեց իրական երաժշտական գործիքների  «կենդանի» մանրակերտերի հեղինակ Վալեր Նազարեթյանը:

«Ճկույթի երկարությունից կարճ դուդուկ պատրաստելիս կիրառել եմ ծիրան և եղեգ: Սակայն, գործիքների պատրաստման մեջ գերիշխող նյութը թուղթն է: Այն մշակում եմ հատուկ մեթոդով, որի արդյունքում նույն կիթառի կաղապարը նմանվում է փայտի, իսկ իրական լարերը հնչում են իրական կիթառի պես», - հայտնեց Վալեր Նազարեթյանը:

Ցուցահանդեսին ներկայացված վեց երաժշտական գործիքներն էին դուդուկը, ակորդեոնը, դաշնամուրը, հարվածային համակարգը, սինթեզատորը և կիթառը: Այս «կենդանի» գործիքների երիտասարդ  ստեղծողը, յուրաքանչյուր օրինակի վրա ծախսելով մի քանի ամիս, ոչ միայն ստացել է բնօրինակի հետ կատարյալ նմանություն, այլ նաև՝ ստեղծել լիարժեք գործող երաժշտական գործիք:

Վալեր Նազարեթյանը հավելեց, որ մանկուց տարբեր նյութերից սիրել է պատրաստել բազմապիսի առարկաներ, սակայն հիմնական հումքը եղել է թուղթը: Նույնիսկ մանկական խաղալիք մեքենան, որը ցանկացել է ունենալ, պատրաստել է թղթից: Կատարելագործելով իր կատարման վարպետությունը` երիտասարդը նույն թղթից նաև ստեղծել է Գյումրու քաղաքապետարանի և Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մանրակերտերը: Վերջինս, հեղինակի խոսքերով, ներկա պահին գտնվում է բնօրինակ շենքի ներսում:

[gallery id= 55858]


© 2009 ARMENPRESS.am