Արփինե Հովհաննիսյանն ու Բրեդլի Բուզետտոն քննարկել են փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր

13:47, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու քննարկել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմանը, անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացմանը, ինչպես նաև «Բաց կառավարման գործընկերություն» համակարգի սկզբունքները արդարադատության ոլորտում ներդնելու թեմային:

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն գոհունակություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքների իրականացումից ու նախարարի հետ քննարկել խոշտանգումների, կոռուպցիայի դեմ պայքարում գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված հարցեր: 

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների աշխատանքներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:     


© 2009 ARMENPRESS.am