Պետական ոլորտի ծառայողները վիճակահանությամբ ընտրել են ազատ մնացած 26 բնակարանները

20:51, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարությունում հոկտեմբերի 9-ին կայացել է ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված` պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վիճակահանությանը, որը նախատեսված էր ազատ մնացած 26 բնակարանների համար, մասնակցել են նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողներ:

Համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, իսկ ավարտը նախատեսվում է 2017 թվականի մարտին:


© 2009 ARMENPRESS.am