Կառավարությունը խաղողի ողջ բերքը մթերելու հարցով աշխատում է 50 կազմակերպությունների հետ

19:49, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատում է շուրջ 50 վերամշակող կազմակերպությունների հետ, որպեսզի հանրապետության խաղողի ողջ բերքը մթերվի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Այս տարի խաղողի բերքն աննախադեպ է եղել, այդ պատճառով  էլ խնդիրներ են ծագել՝ մթերման հետ կապված: Սակայն հարցը լուծվում է: Գործընթացն ընթանում է, մենք էլ հետևում ենք և անհրաժեշտության դեպքում միջամտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ վերամշակող գործարաններն ունեցել են ֆինանսական խնդիրներ, քանի որ իրացում չեն ունեցել: Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ նշեց, որ խաղողի բերքի ծավալներն այս տարի աննախադեպ մեծ են, և կառավարությունը կազմակերպված աշխատում է, որպեսզի ողջ բերքը մթերվի: «Ուղղակի, պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, որպեսզի գյուղացիները մեկ օրում շատ խաղող չհավաքեն: Գործընթացը շարւոնակվում է, և մենք այն ժամանակին ու նորմալ կավարտենք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

 


© 2009 ARMENPRESS.am