Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սահմանամերձ համայնքների կրթական կարիքները հոգալու համար

17:53, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքների դպրոցական երեխաներին դասագրքերով ապահովելու համար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանի հարցին: «Տեղեկացնեմ խորհրդարանին, որ 15 սահմանամերձ համայնքների դպրոցներում դասագրքերի վարձերը զեղչվել են շուրջ 70 տոկոսով: Ցավոք, մենք չենք կարող բոլոր սահմանամերձ համայնքներում նման քաղաքականություն իրականացնել՝ ֆինանսական դժվարությունների պատճառով, սակայն փորձում ենք ինչ-որ լուծումների գտնել հաշվարկների արդյունքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Աշոտյանը հայտնեց, որ կա սահմանամերձ համայնքների դպրոցները նաև աշակերտական և ուսուցչական նոր գույքով, ինչպես նաև համակարգիչներով հագեցնելու ծրագիր: «Ես մեր օգոստոսյան այցելությունները սկսել եմ հենց Տավուշի մարզից: Վարչապետն էլ այդ ժամանակահատվածում մի քանի անգամ եղել է սահմանամերձ համայնքներում, և այնտեղ նույնպես մենք կրթական հանձնարարականներ ենք ստացել այդ օրերին: Մասնավորապես, այսօր արդեն սահմանամերձ համայնքների 176 ուսանող ստացել են առաջին կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցում: Բոլոր բուհերի ռեկտորներին հրահանգ է տրված, որպեսզի սահմանամերձ համայնքների առաջին կուրսի ուսանողների համար ուսման վարձի 10 տոկոս զեղչ կիրառվի, իսկ երկրորդ և երրորդ կուրսեցիների դեպքում՝ լավ սովորելու պարագայում, կիրառել 20 տոկոս զեղչ: Մենք փորձում ենք հոգալ կրթական բոլոր կարիքները, որոնք գալիս են այդ համայնքներից»,- նշեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ սահմանամերձ համայնքներում կառավարությունը նախատեսում է բացել նոր նախակրթարաններ՝ 5-6 տարեկան երեխաների  համար:


© 2009 ARMENPRESS.am