Քուվեյթի ազգային վարժարանում մեկնարկել է նոր ուսումնական տարին

16:56, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում հոկտեմբերի 4-ին տոնական ջերմ մթնոլորտում տեղի  է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել Քուվեյթի հայոց թեմի առաջնորդ Գերպ. Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը, Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ազգային վարժարանի հոգաբարձուների տնօրինության, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ և աշակերտներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառման բացումն սկսվել է ՀՀ օրհներգով, որից հետո վարժարանի ուսուցիչներից Ջորջ Արաբաթլյանը ողջունել ներկաներին և կարևորել Քուվեյթի ազգային վարժարանի դերն արաբական անապատներում հայ պատանիներին ազգային կրթություն տալու գործում: Այնուհետև աշակերտները հանդես են եկել երգով, պարով ու ասմունքով:

Ելույթ է ունեցել նաև ազգային վարժարանի տնօրեն Մանուկ Մանուկյանը` ուրախությամբ հայտնելով, որ վարժարանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը ,56-րդ անգամ կբացի իր դռները:

Միջոցառման ավարտին ելույթով է հանդես եկել Քուվեյթի թեմի առաջնորդը` օրհնելով աշակերտներին, վարժարանի ուսուցչական կազմին և բարի տարշրջան մաղթելով բոլորին:


© 2009 ARMENPRESS.am