Ոստիկանները հանցագործության դեպքը թողել են անհետևանք. ՀՔԾ

14:40, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին իր բնակարանից ոսկյա զարդեր գողանալու վերաբերյալ հաղորդում տալու կապակցությամբ գնացել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողները սկսել են անհարկի գոռգոռալ իր վրա՝ անտեսելով հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ իր պահանջը:

Ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագծի արդյունքում ինքը հեռացել է, քանի որ վերջիններս, տեղեկանալով հանցագործության դեպքի մասին, դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 


© 2009 ARMENPRESS.am