ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում է 2.5-3.8 տոկոս տնտեսական աճ

13:46, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին` կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ. տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Չնայած մեր սկզբնական կանխատեսումները բավականին բարձր են՝ այս տարի կարող է խոսք գնալ 2.5-3.8 տոկոս տնտեսական աճի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երիցանը՝ հավելելով, որ կանխատեսվող հորիզոնում, որը Կենտրոնական բանկի համար երեք տարի է, նախատեսվում է 3.5-4 տոկոս տնտեսական աճ:

Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015թ. թե' մասնավոր սպառումը, թե' մասնավոր ներդրումները կկրճատվեն: Տարվա ընթացքում իրականացվող բյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է փոքր ընդլայնող:


© 2009 ARMENPRESS.am