Քննարկվել են ՔԿՀ-ների ենթակառուցվածքների զարգացմանն ու բժշկական սպասարկմանն առնչվող հարցեր

10:42, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է հերթական այցով Հայաստանում գտնվող «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՔԿ վարչության պետը ներկայացրել է նախորդ այցելության ընթացքում ԽԿԿ անդամների կողմից բարձրացված հիմնախնդիրների լուծման կապակցությամբ քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով 2014 թվականից առ այսօր ընթացող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, ՔԿ հիմնարկների ենթակառուցվածքների զարգացմանն ու բժշկական սպասարկմանը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի:

ԽԿԿ-ի պատվիրակության կողմից ևս արծարծվել են հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

«Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակության անդամները կայցելեն նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ:


© 2009 ARMENPRESS.am