Տեսախցիկներն արձանագրել են Աշտարակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը

17:24, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հետիոտնին վրաերթի ենթարկելու, դեպքի վայրից փախուստի դիմելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. սեպտեմբերի 26-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան  ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկվել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Գ. Սահակյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին պարզելու վրաերթ կատարած մեքենան և վարորդի ինքնությունը և ներկայացնել քննչական մարմնին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Պահանջվել և ստացվել են Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրած տեսագրությունները՝ վրաերթ կատարած ավտոմեքենան պարզելու նպատակով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել  են դատաբժշկական,  ինչպես նաև դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:  


© 2009 ARMENPRESS.am