Մարսելում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վազք-մարաթոն

12:41, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի Մարսել քաղաքում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է 10-կմ վազք-մարաթոն՝ «Վազել`  հանուն հիշողության» նշանաբանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, թեթև ատլետիկայի եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հովանու ներքո կազմակերպված մրցւյթին մասնակցել են մարաթոնների Ֆրանսիայի բազմակի չեմպիոն  Էլոդի Նորմանդը, սամբոյի Եվրոպայի և Ֆրանսիայի  եռակի չեմպիոն Արայիկ Մարգարյանը, էքստրեմ-սպորտսմեն Արա Խաչատրյանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության և Մարսելի սպորտային մի շարք կազմակերպութունների ավելի քան 500 վազորդներ` մարզահագուստներին կրելով «ոչ ցեղասպանության ժխտողականությանը» ուղերձը:

Վազքը մեկնարկել է 18-րդ դարում կառուցված Բորելի պալատի այգում տեղակայված հայկական խաչքարի մոտից: Մասնակիցները, անցնելով Մարսելի գլխավոր պողոտաներով և փողոցներով, Հին նավահանգստով, վերջնագիծը հատել են նորակառույց Միջերկրականի պատմության «Մյուսեմ» թանգարանին հարող հրապարակում, վայր, ուր ժամանել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը:

Մի քանի անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել են Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Մորիս Դինոսերան, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Հենրի Ժիբրայելը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության պատվավոր նախագահ Պասկալ Շամասյանը, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության նախագահ Տիգրան Հարունյանը և այլք:

Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայկական և ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախագահներ,  լրագրողներ,  բազմաթիվ երկրպագուներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական լրատվամիջոցների կողմից:


© 2009 ARMENPRESS.am