ՀՀ մշակույթի նախարարը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է զբոսաշրջության զարգացման ծրագրի հարցեր

20:35, 30 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» և Առաջադրանքի թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդային, քաղաքաշինության ավագ մասնագետ Ռոզաննա Նիտտիին և հետազոտությունների վերլուծաբան Նորա Միրզոյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Տեղական տնտեսության և զբոսաշրջության զարգացման ծրագրի» հետ կապված հարցեր (ՏՏԵԶԾ): Պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագրի նպատակներն ու նախատեսվող միջոցառումները, խոսել ակնկալվող արդյունքների մասին:

Նախարար Պողոսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին` ծրագրի իրականացման գործում ներդրած ջանքերի համար և անդրադարձել «Տեղական տնտեսության և զբոսաշրջության զարգացման ծրագրում» ընդգրկված պատմամշակութային հուշարձանների պահպանության, ենթակառուցվածքների բարեկարգ­ման հարցերին և միջոցառումների իրականացման առաջնահերթություններին:

Կողմերը նախնական գնահատման փուլում ծրագրի ընթացիկ հարցերին համակողմանի և սպառիչ լուծումներ տալու պատրաստակամություն են հայտնել:  


© 2009 ARMENPRESS.am