Համահայկական մշակութային փառատոնի երգչախմբերի խմբավարներն և անհատ կատարողները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

21:49, 25 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարը սեպտեմբերի 25-ին ընդունել է Համահայկական մշակութային փառատոնի մասնակից երգչախմբերի խմբավարներին և անհատ կատարողներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Կոմիտասի արվեստը  հավուր պատշաճի ներկայացնելու համար՝ նախարարն իր գոհունակությունն է հայտնել փառատոնին մասնակցելու հրավերը ընդունելու համար և նշել, որ. «Այս փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ուրախ եմ, որ 13 երկրներից ներկայացուցիչներ, այդ թվում նաև օտար կատարողներ ժամանեցին Հայաստան, առավել լավ ճանաչեցին մեծն Կոմիտասի արվեստը: Փառատոնի գերնպատակը Կոմիտասը հանրահռչակելը և այն աշխարհին ներկայացնելն է: Այն կնպաստի նաև հայկական համայնքներում ընդլայնելու Կոմիտասի երաժշտությունը ներկայացնող երիտասարդների շրջանակը»:  

Կարևորելով հայապահպանությանն ուղղված համահայկական մշակութային փառատոնի իրականացումը՝ նախարարը հաջողություն, նորանոր ստեղծագործական մտահաղացումներ և ձեռքբերումներ է մաղթել փառատոնի մասնակիցներին:

Ներկաներն իրենց գոհունակությունն են հայտնել  Հայրենիքում անցկացրած օրերի և Մեծն Կոմիտասի արվեստը ներկայացնելու՝ Սփյուռքի նախարարության ընձեռած հնարավորութան համար:

Քննարկվել են նաև Սփյուռքում հայկական ինքնության, հայոց լեզվի, հայ մշակույթի, մասնավորապես հայ երաժշտության պահպանման և զարգացմանն վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am