Ադրբեջանի դպրոցների 80 տոկոսը վերանորոգման կարիք ունի. փորձագետ (տեսանյութ)

17:37, 21 Սեպտեմբեր, 2015

 ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի շրջանների դպրոցները խիստ վտանգավոր են երեխաների համար. դպրոցների 80 տոկոսը կապիտալ վերանորոգման կարիք ունի, իսկ չինովնիկները հրաժարվում են ֆինանսավորել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Էխո.ազ»-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանական «Երեխաների պաշտպանության լիգա» կազմակերպության ղեկավար Յուսիֆ Բեքիրովը:

Նրա խոսքով` ծանր տնտեսական դրության պատճառով Ադրբեջանի շրջանների բնակիչները ի վիճակի չեն «դպրոցական հիմնադրամ» ստեղծել առօրյա խնդիրները լուծելու համար:

«Դպրոցների ղեկավարությունը չի դիմում Կրթության նախարարությանը, քանի որ մերժման դառը փորձ ունեն: Չինովնիկները հայտարարում են, որ պետությունը դրա համար փող չունի, եւ որ այդ հարցերը պետք է լուծեն դպրոցներն` իրենք:

«Դե ի՞նչ է մնում դպրոցների տնօրեններին անել: Ուսուցիչների ցածր աշխատավարձը բռնագանձե՞լ, թե՞ ծնողներից փող հավաքել», -հայտարարել է Բեքիրովը` նշելով, որ Ադրբեջանում խտրականություն է տիրում քաղաքային եւ գյուղական դպրոցների աշակերտների պայմանների միջեւ:

Ադրբեջանում նոր ուսումնական տարին, որը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, սկսվել է ծնողների բողոքի ակցիաներով եւ դպրոցականների ինքնասպանություններով:

Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Գըզըլքենդ գյուղի մի խումբ ծնողներ հրաժարվել են իրենց երեխաներին ուղարկել դպրոց: Սեպտեմբերի 15-ին ծնողներն առավոտյան հավաքվել են դպրոցի շենքի առջեւ եւ սկսել են բողոքել ուսումնական հաստատությունում առկա սարսափելի պայմանների դեմ:

Ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին ուղարկել սովորելու խիստ վթարային շենքում եւ պահանջել են դպրոցի նոր շենք կառուցել:

Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանում էլ սեպտեմբերի 15-ին նոր ուսումնական տարվա սկսվելուց մեկ օր առաջ 12-ամյա դպրոցական Իսմեթ Գիսմեթ օղլու Ասադովն ինքնասպանություն է գործել նոր դպրոցական համազգեստ չունենալու պատճառով (qafqazinfo.az):

Նրա ընտանիքի մերձավորների խոսքով` երեխան այդ քայլին է դիմել այն պատճառով, որ ծնողները չեն կարողացել նոր ուսումնական տարվա համար դպրոցական համազգեստ եւ պայուսակ գնել իր համար:

Ադրբեջանում սեպտեմբերի 14-ից հետո նման պատճառներով եւս երկու դպրոցականներ են դիմել ինքնասպանության:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` այդ երկրում աղքատության շեմից ցածր պայմաններում ապրող ուսուցիչը աշխատանք է փնտրում «ստրուկների շուկայում»:


© 2009 ARMENPRESS.am