Մեկնարկեց Գյումրու քաղաքապետի գավաթի առաջնությունը

15:48, 19 Սեպտեմբեր, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 19  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու համալիր մարզադպրոցում սեպտեմբերի 19-ին մեկնարկեց Գյումրու քաղաքապետի գավաթի լողի  առաջնությունը:  Առաջնության պաշտոնական բացման ժամանակ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը  բոլոր մարզիկներին և թիմերին հաջողություն մաղթեց՝  ցանկություն հատնելով, որ հաղթի միայն ուժեղագույնը:  Թեև մրցումները, որն անցկացվում են արդեն 9-րդ անգամ, միջազգային են, սակայն այս անգամ մասնակցում էին միայն հայաստանյան թիմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, հրավերք մի քանի երկրներից բացի ուղղարկվել էր նաև հարևան Վրաստան, որը միշտ մասնակից թիմ ունեցել է այս մրցումներում, սակայն, պատասխան նամակ է եկել, թե իրենց մոտ դասերը սկսվում են ուշ՝ սեպտեմբերի 15-ից և այս անգամ հարմար չէ մասնակցել այս մրցումներին:

Գյումրու քաղաքապետի գավաթի առաջնությունն այս անգամ մասնակցում էին թիմեր Գյումրիից, Երևանից և Վանաձորից՝ մոտ 100 մասնակից: «Սա բոլորի համար շատ կարևոր ստուգողական հանդիպում է համարվում, քանի որ լողորդների համար դեռ առջևում է հանրապետական առաջնությունը: Չնայած վերջին տարիներին այս մարզաձևում որոշակի արդյունքներ գրանցել ենք՝ հիմնականում լողորդուհիները, բայց դեռ այն չէ՝ լողով դեռ կաղում ենք, հետևաբար մարզիկների պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով նմանատիպ մրցույթները շատ կարևոր են «,-նշեց Մեխակ Ղազարյանը:

Լողորդները տարբեր տարիքային խմբերում իրենց ուժերը չափելու են 4 լողաոճերում՝ «Ազատ», «Դելֆին», «Բռաս» և «Թիկնալող»: Լավագույն թիմերը կարժանան քաղաքապետի գավաթին, իսկ մարզիկները՝ մեդալների ու պատվոգրերի:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am