ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կողմ կքվեարկեն սահմանադրական բարեփոխումներին, ՀԱԿ-ը՝ դեմ

18:57, 18 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումների նախագծին: Այս մասին Աժ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ընդհանրապես, իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր չկան: Եթե այս փաստաթղթի մեջ 70 տոկոսը մեզ բավարարում է, մենք կողմ ենք լինում դրան: Ես սահմանադրական բարեփոխումերի մասնագիտական հանձնաժողովի անդամների, Հանրապետության Նախագահի հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում հասկացա, որ մեր ժողովուրդը պետք է անցնի այս ճանապարհով: Մենք պետք է կարողանանք գնալ կոնսենսուսի, և ԲՀԿ-ն կողմ է Սահմանադրության այս տարբերակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում ևս մեկ անգամ վերահաստատեց իրենց դիրքորոշումը. ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին և ամեն ինչ անելու է, որպեսզի դրանք կյանքի կոչվեն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր ելույթում հակադարձեց  մի խումբ ընդդիմադիրների ելույթներին՝ հստակեցնելով, որ «Հանրապետական» կուսակցությունը մեկ տարի շարունակ քննարկել է սահմանադրական բարեփոխումները, ներկայացրել է իր առաջարկները և այս պահին միակամ կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ շեշտեց, որ իրենք դեմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, իսկ սեպտեմբերի 25-ին Գյումրիում անցկացնելու են  առաջին հանրահավաքը` սահմանադրական բարեփոխումների դեմ:


© 2009 ARMENPRESS.am