ԱՄՆ-ի բժիշկները մարդու վրա ստուգելու են «երկարակեցության պատվաստանյութը». Science

17:50, 17 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ալբերտ Էյնշտեյնի քոլեջի բժիշկները հայտարարել են հատուկ պատրաստուկի կլինիկական փորձարկումների հնարավոր սկսման մասին, որը պետք Է դանդաղեցնի մարդկային օրգանիզմի ծերացումը. դրա ստուգման համար պահանջվող նախնական համաձայնությունը գիտնականներն ստացել են ԱՄՆ-ի հսկիչ մարմիններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Science հանդեսի նորությունների ծառայությունը:   

«Մենք երբեք չենք պնդել եւ չենք խոսում այն մասին, որ պատրաստվում ենք արհեստականորեն կյանքի տարիներ ավելացնել այն ժամանակին, որը պետք Է ապրի մարդը: Բայց, այդուամենայնիվ, եթե մեր գիտափորձերը հաջողությամբ ավարտվեն, ապա մենք, ամենայն հավանականությամբ, կկարողանանք սովորականից փոքր-ինչ ավելի երկար ապրել, բայց դա այս փորձերի առաջնահերթ նպատակը չԷ: Մեր խնդիրն Է՝ երկարացնել առողջ եւ լիարժեք կյանքի ժամանակը»,-հայտարարել Է Ջեյ Օլշանսկին՝ Իլինոյսի (ԱՄՆ-ի) համալսարանից:   

Ինչպես Science-ին պատմել Է Նյու Յորքում (ԱՄՆ) Ալբերտ Էյնշտեյնի քոլեջից Նիր Բարզիլայը, մի խումբ գիտնականներ առաջիկայում ընդգրկուն գիտափորձ կսկսեն, որի շրջանակներում երեք հազար տարեց կամավորներ կընդունեն մետֆորմին՝ շաքարախտի դեմ կիրառվող դեղը, որը 5-6 տոկոսով երկարացրել Է կրծողների կյանքն այն գիտափորձերի ընթացքում, որոնք նրանց գործընկերներն անցկացրել են երկու տարի առաջ:

Այժմ գիտնականները միջոցներ են հավաքում այդչափ լայնածավալ կլինիկական փորձարկումներն անցկացնելու համար: Նրանց գնահատումներով՝ դրանց կազմակերպման համար կպահանջվի 30-ից մինչեւ 70 մլն դոլար, եւ մի շարք մասնավոր ներդրողներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել այս գիտափորձի նկատմամբ: Կենսաբանները հուսով են, որ վերջնական հավանությունն ստանալուց հետո նախագծին կարող են միանալ ԱՄՆ-ի պետական գիտական հիմնադրամները:


© 2009 ARMENPRESS.am