Պետդեպարտամենտը նշել է Սիրիայում ռուս զինվորականների հետ համագործակցելու պայմանը

10:09, 17 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցում ռուս եւ ամերիկացի զինվորականների փոխգործակցությունը հնարավոր է, եթե Մոսկվան պայքարի միայն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, սեպտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նա մեծապես կարեւորել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում: Թոներն ասել է, թե Մոսկվան առաջարկում է երկու երկրների զինվորականների գործակցություն հաստատել, հավելելով, որ առայժմ նման փոխգործակցության մասին խոսելը վաղաժամ է:

Իր հերթին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Ռուսաստանի կառուցողական աջակցությունն ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային: «Մենք կողջունեինք Ռուսաստանի ինտեգրված, համակարգված ու կառուցողական ջանքերը՝ հաջակցություն 60 երկրներից բաղկացած կոալիցիայի գործողությունների, որոնց նպատակը ԻՊ-ին թուլացնելն է եւ ոչնչացնելը»,- Էռնեստի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, սեպտեմբերի 16-ին ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին բանակցություններ է առաջարկել Սիրիայում ռազմական համագործակցության հարցի շուրջ: Նա նշել է, որ Մոսկվայի օգնությունը օգտակար կլինի դրա բովանդակալիության պայմանով:

Լուսանկարը`Reuters


© 2009 ARMENPRESS.am