Կանադայում կայացել է Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գրքի շնորհանդեսը

12:28, 15 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գրքի շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մեթյու Քարանյանը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Իր ուղերձում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ներկայացրել է հյուրին, նրա կատարած աշխատանքը և խոսքը փոխանցել է հեղինակին: Մեթյու Քարանյանը հանդես է  եկել պատմական Հայաստանի` մինչ օրս կանգուն մշակութային արժեքները ներկայացնող, ինչպես և կորսված ժառանգությունը փաստող լուսանկարներով համեմված դասախոսությամբ: Արևմտյան Հայաստանի վեց նահանգների, ծպտյալ հայերի, հայկական եկեղեցաշինության վերաբերյալ ներկայացումն արժանացել է ներկաների ջերմ ընդունելությանը:

Դեսպանության հովանավորությամբ Մեթյու Քարանյանն իր նոր գիրքը հանրությանն է ներկայացրել նաև Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:


© 2009 ARMENPRESS.am