Մասնագետներն առաջարկում են շենքերի սեյսմակայունությունը բարձրացնել տատանվող հարկերի կառուցումով

17:32, 11 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շենք-շինությունների սեյսմիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար մասնագետն առաջարկում է շենքերում տատանվող հարկերի կառուցմանն անցնել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը` նշելով, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո պարզ դարձավ, որ մինչ այդ կառուցված շենքերը դժվարությամբ են դիմակայելու կանխատեսվող վտանգին: «Խորհրդային տարիներին Հայաստանի սեյսմիկ վտանգի չափը  գնահատվել է 7-8 բալ, շենքերը կառուցվել են այդ չափանիշով, վերջին տարիներին վերանայվել է Հայաստանում վտանգի մակարդակը և գնահատվել 8-ից բալից բարձր, մասնավորապես, Երևան քաղաքում` 9 և ավելի բարձր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զավեն Խլղաթյանը:

Նրա խոսքով` քանի որ Երևանի կառուցապատումը և բնակչությունը խիտ են, այն սեյսմիկ  բարձր ռիսկայնության գոտում է:

Զավեն Խլղաթյանը հիշեցրեց, որ 2010-ին ճապոնական հայտնի ընկերության միջոցով Երևանի սեյսմիկ ռիսկի գնահատում է կատարվել, արձանագրվել և վերհանվել են բոլոր շենք-շինությունների խնդիրները, դասակարգվել են շենքներն` ըստ սեյսմակայանության մակարդակի: «Կայացվեց որոշում, որ որոշ շենքերից պետք է ձերբազատվել, և կան շենքեր, որոնք կարելի է խելամիտ միջամտությամբ ամրացնել: Մասնավորապես, առաջարկներ կան, որ շենքերի տակ տեղադրվեն ռետինամետաղական բարձիկներ, կամ, ինչպես մենք ենք առաջարկում, շենքերի վրա տատանվող հարկեր ավելացվեն, որոնք նաև որպես նոր բնակարաններ կծառայեն: Այդ հարկերը երկրաշարժերի ժամանակ ճոճվում են հակառակ ուղղությամբ` շենքը բերելով հավասարակշռության վիճակի»,- պարզաբանեց մասնագետը:

Նրա տեղեկացմամբ` այդպիսի երկու շենք կա Երևանում, որոնցից մեկը Ամիրյան 18/3 հասցեում է տեղակայված: «Երկու այդպիսի շենք Վանաձորում կա, մեկն էլ Շուշի քաղաքում: Նմանատիպ հարկեր ավելացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ»,- ավելացրեց Զավեն Խլղաթյանը:

Մասնագետը հայտնեց, որ որոշում է կայացվել, որպեսզի առաջնահերթ լուծվի դպրոցների սեյսմիկ անվտանգության խնդիրը: 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am