Պոլսո Հայոց պատրիարքարանը հորդորել է զերծ մնալ հայկական համայնքը թիրախավորող հրապարակումներից

15:54, 10 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանը վերջին օրերի ընթացքում Թուրքիայում շարունակվող ահաբեկչական գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել` հորդորելով զերծ մնալ Թուրքիայի հայ համայնքին թիրախավոևող հայտարարություններից ու հրապարակումներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարության մեջ պատրիարքարանից հայտնել են, որ իրենք աղոթում են Թուրքիայի միասնականությանն ու ամբողջականությանը վնասող ահաբեկչական դեպքերին վերջ տալու և տևական խաղաղության հաստատման համար:

Պոլսո Հայոց պատրիարքարանն իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ շատ հաճախ թուրքական ԶԼՄ-ներում տեղ են գտնում տարբեր հոդվածներ, որոնք թիրախավորում են Թուրքիայի հայ համայնքին: «Ժամանակ առ ժամանակ որոշ գրողների` մեր համայնքին թիրախավորող և այն ահաբեկչական խմբավորման հետ նույնականացնող արտահայտությունները խորապես վիրավորում են այս հայրենիքին մշտապես հավատարիմ և քաղաքացիական գիտակցություն ունեցող հայ քաղաքացիներին: Իրենց Թուրքիայի մի մասը համարող հայ քաղաքացիների դեմ անարդար արտահայտություններ օգտագործելը բարեգթության մեջ չտեղավորվող վերաբերմունք է: Վստահ ենք, որ մեր ազգի մեծամասնությունը համակարծիք չէ այս օտարեցնող արտահայտություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրիարքարանը խստորեն դատապարտել է ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունները երկրում` իր վշտակցությունը հայտնելով բոլոր այն ընտանիքներին, ովքեր այս օրերի ընթացքում կորուստներ են ունեցել:


© 2009 ARMENPRESS.am