Մարին լը Պենը ԵՄ-ին հորդորում է ահաբեկչության դեմ պայքարում միավորվել Ռուսաստանի, Սիրիայի և Եգիպտոսի հետ

21:19, 9 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք է ամբողջությամբ փոփոխի ահաբեկչության դեմ պայքարում իր դաշնակիցների կազմը: «Անհրաժեշտ է ամբողջությամբ վերափոխել ԵՄ արտաքին քաղաքականությունը` իսլամական արմատականության դեմ պայքարում դաշնակից ընտրելով Ռուսաստանի Դաշնությանը և Սիրիային: Մենք պետք է աջակցենք Եգիպտոսին` Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար, ինչը մենք չենք կատարում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ-ին` «Ռոսիա-1» հեռուստատեսության եթերում չորեքշաբթի այս մասին հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ»  կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը:

Նա շեշտում է, որ ԵՄ պաշտոնյաները կայացնում են ժողովրդի համար «վտանգավոր որոշումներ»: «Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլյա Սարկոզին մեղավոր են Լիբիայում և Սիրիայում ստեղծված իրավիճակի համար: Ապակայունացնելով իրավիճակը այդ երկրներում` մենք թույլ տվեցինք այդ երկրներում իսլամիստական արմատականության ամրապնդումը, և նրանց համար բացեցինք դեպի ԵՄ ներգաղթի ճանապարհ»,- նկատել է Մարին Լե Պենը:

Ֆրանսիացի քաղաքական գործչի դիտարկմամբ` օգտվելով ներգաղթյալների հզոր ալիքից` իսլամիստները զգուշացնում են Եվրամիություն իսլամիստ գրոհայիններ ուղարկելու մասին, որոնք կարող են հարվածել եվրոպական երկրների սրտին: «Մենք տեղյակ ենք այդ ամենի մասին, սակայն ամիսներով ոչինչ չի արվում: Մենք նույնիսկ չդիմեցինք սիրիական աղբյուրներին. հայտնի է, որ նրանք այդ ոլորտում ամենալավ հետախույզներն են»,- ընդգծել է Մարին Լե Պենը:

Լուսանկարը`EPA


© 2009 ARMENPRESS.am