Ոստիկանները բաժին բերման ենթարկելիս խոշտանգել են քաղաքացուն

16:02, 8 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Անդրանիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ինքը վիճաբանության է բռնվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, որից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով հիշյալ բժշկական կենտրոնից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Բերման ենթարկվելու ընթացքում՝ ավտոմեքենայի մեջ, ոստիկանության ծառայողները խոշտանգել են իրեն՝ ձեռքերով հարվածներ հասցրել գլխին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Անդրանիկ Գ.-ի հաղորդման հիման վրա, խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: 


© 2009 ARMENPRESS.am