Դամասկոսում հայ է զոհվել

11:27, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում զինված ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման հետևանքով սեպտեմբերի 3-ի հետմիջօրեին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը դամասկոսահայ Սարգիս Պարսիկյանն է: Զինյալների թիրախում է հայտնվել Ֆարես Խուրի թաղամասը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակը լիբանանյան Հըզբոլլահի հետ համագործակցության արդյունքում նոր հաջողություններ է գրանցել Դամասկոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Զաբադանի շրջանում` ահաբեկիչներից ազատագրելով մի քանի շինություններ: Ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


© 2009 ARMENPRESS.am