Աշխարհում «օրենքով գողերի» շուրջ 60 տոկոսը Վրաստանից են

11:22, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում աշխարհում այսպես կոչված «օրենքով գողերի» թիվը հասնում Է 485-ի, նրանցից 276-ը Վրաստանից են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, որն իր հերթին վկայակոչում Է «Պրայմ Կրայմ» ռուսական տեղեկատվական պորտալը:

Վրաստանում «գողական աշխարհին» պատկանելը քրեորեն պատժելի հանցագործություն է: Երկրի օրենսդրությունն այդ ուղղությամբ խստացվել է Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք, որը, փաստորեն, պատերազմ էր հայտարարել «օրենքով գողերին»: Շատերին բանտ են նստեցրել, իսկ մնացածները լքել են Վրաստանը:

«Թբիլիսցի, քութայիսցի եւ սուխումցի «օրենքով գողերն» այնքան շատ են, որ նրանցից ձեւավորվում են հակամարտող ամբողջ խմբավորումներ»,- ասված է հոդվածում:

«Օրենքով գողերի» թվաքանակով երկրորդ տեղում ռուսներն են՝ 61 մարդ: Ընդ որում ռուս «օրենքով գողերից» շատերին «թագադրել են» նրանց վրացի համախոհները:

Առաջատարների եռյակը եզրափակում են հայերը, որոնք, ինչպես պնդում է «Պրայմ Կրայմը» ապրում են Հայաստանում, եւ նրանց ազդեցությունը չի տարածվում երկրի սահմաններից դուրս:


© 2009 ARMENPRESS.am