Ցիպրասը բացառել է ընտրություններում անհաջողության դեպքում ազգային միասնության կառավարության ստեղծումը

10:15, 27 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, որն անցած շաբաթ հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, բացառել է ազգային միասնության կառավարություն կազմելու հնարավորությունը, եթե իր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չստանա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

«Ես չեմ լինի այն վարչապետը, որը համագործակցում է «Նոր ժողովրդավարության», ՊԱՍՈԿ-ի կամ «Պոտամիի» հետ»,- ասել է Ցիպրասը Alpha TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Եթե մենք մեծամասնություն չունենանք, ես չեմ համագործակցի այն կուսակցությունների հետ, որոնք ղեկավարում էին նախորդ կառավարությունը»,- հավելել է նա:

Իր կուսակցության պառակտման կապակցությամբ Ցիպրասը հայտարարել է, որ «վշտացած է այդ քաղաքացիական պատերազմից»: Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ Հունաստանի ֆինանսական օգնության վերաբերյալ որոշումն ընդունելը դժվար էր, բայց անհրաժեշտ: «Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը տնտեսական աղետ կլիներ»,- նշել է նա:

«Ժողովրդական միասնություն» նոր խմբակցությունը, որը գլխավորել է Պանայոտիս Լաֆազանիսը, ձեւավորվել է անցած շաբաթ ՍԻՌԻԶԱ կուսակցության ձախ թեւի 25 այլախոհ պատգամավորների կողմից: Օգոստոսի 26-ին Naftemporiki թերթը հավելել է, որ եւս 53 պատգամավորներ Հունաստանի կառավարող կուսակցությունից անցել են «Ժողովրդական միասնություն», որը հրաժարվել է կատարել օգնության երրորդ ծրագրի շուրջ վարկատուների հետ կնքված համաձայնագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am