Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը բացել է Թեհրանում թագավորության դեսպանատունը

15:07, 23 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը կիրակի կրկին բացել է Իրանում Միացյալ Թագավորության դեսպանատունը, որը դադարեցրել էր գործունեությունը 2011թ-ին այն բանից հետո, երբ այնտեղ էին ներխուժել ծայրահեղական տրամադրություններ ունեցող իրանցի երիտասարդները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է BBC-ն։

Այս պահին դիվանագիտական առաքելության շենքի վրա կրկին Միացյալ Թագավորության դրոշն է ծածանվում։ Սկզբնական շրջանում դեսպանատանը կաշխատեն գործերով ժամանակավոր հանձնակատարի մակարդակով՝ դիվանագիտական փոքր կազմով եւ սահմանափակ հյուպատոսական ծառայություններով։

Ենթադրվում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման հետ մեկտեղ դիվանագիտական առաքելությունները կաշխատեն ավելի սովորական ու առավել ներկայացուցական կազմով եւ դուրս կգան դեսպանների մակարդակի։

Համոնդի խոսքով, Մեծ Բրիտանիան եւ Իրանը դեռ ունեն տարակարծություններ միջազգային եւ ներքաղաքական օրակարգի որոշ հարցերում, սակայն անժխտելի է վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների բարելավման փաստը։ 


© 2009 ARMENPRESS.am