Առողջապահության նախարարի հանձնարարակններով լուծվել է ընդունելության եկած քաղաքացիների հարցերի մեծ մասը

19:04, 18 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիների  բարձրացված հարցերն առավելապես բուժական բնույթի էին, մեկն էլ` ծառայողական: Ընդունելությանը մասնակցել է 13 քաղաքացի:  Մանրամասն ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` Արմեն Մուրադյանը բարձրացված հարցերի լուծման համար տվել է հանձնարարականներ: Հարցերի մեծ մասը դրական լուծում է ստացել: Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել  սրտացավ վերաբերմունքի  և  իրենց խնդիրների լուծման համար:

ՀՀ առողջապահության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը, համաձայն գործող կարգի, կազմակերպվում է յուրաքանչյուր երեքշաբթի: 


© 2009 ARMENPRESS.am