Համահայկական խաղերի շախմատի հաղթողները Էդուարդ Մկրտչյանն ու Մարիամ Ավետիսյանն են

12:03, 12 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը եզրագիծն են հատել համահայկական 6-րդ խաղերի շրջանակներում անցկացվող շախմատ մարզաձի դիմակայությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանանց մրցաշարում բոլորից ուժեղ է գտնվել երևանցի շախմատիստուհի Մարիամ Ավետիսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնյա գրավել 1-ին տեղը: 7.5 միավորով 2-րդ տեղը բաժին է հասել Աշտարակի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանին, իսկ 3-րդ տեղը 7 միավորով գրավել է գյումրեցի Անի Իվանյանը:

Շատ համառ և անզիջում պայքար է ծավալվել նաև տղամարդկանց մրցաշարում, որտեղ մի քանի շախմատիստներ մինչև վերջին րոպեները մասնակցել են մեդալների համար մղվող պայքարին: Ի վերջո, 9 հնարավորից 7.5-ական միավոր են վաստակել և համապատասխանաբար 1-3 տեղերը գրավել Էդուարդ Մկրտչյանը (Աբովյան), Դավիթ Տիրատուրյանը (Գյումրի) և Սարգիս Ա. Մանուկյանը (Երևան):

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը:


© 2009 ARMENPRESS.am