Համահայկական խաղերի մասնակիցներն օգոստոսի 8-ին կհանգստանան

13:52, 7 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ՝ օգոստոսի 8-ը բոլոր մասնակիցների համար հանգստի օր է լինելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽՀԿ-ի մամուլի բաժնից, օգոստոսի 8-ի առավոտյան պատվիրակները կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Օրվա երկրորդ կեսից նախատեսված են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ դեպի Խոր վիրապ, Գառնի, Գեղարդ, Էջմիածին և Սարդարապատ: Նշված վայրերում կսահմանվի ուժեղացված հսկողություն ոստիկանության, ինչպես նաև առողջապահության պատասխանատուների կողմից: Խաղերի մասնակից պատվիրակություններին կուղեկցեն թիմերի պատասխանատուները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին հետևել կոմիտեի որոշումներին և տեղեկացնում, որ նշված ուղղություններից բացի, կոմիտեն որևէ այլ ուղղությամբ շրջագայությունների ու զբոսանքի համար պատասխանատվություն չի կրում:


© 2009 ARMENPRESS.am