Թեհրանի հայերը Համահայկական խաղերում կմրցեն սպորտային պարերում

12:19, 28 Հուլիս, 2015

ԹԵՀՐԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսին մեկնարկելիք Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով Թեհրանից արդեն ժամանած հայ պատանիներն իրենց ուժերը կփորձեն սպորտային պարերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք»-ը, թեհրանահայ համայնքը համահայկական խաղերին կներկայացնի «Զարթոնք» պարային խումբը, որը Իրանում ունի բավական մեծ կենսագրություն եւ հարուստ փորձ: Այդ նպատակով Թեհրան է այցելել Հայաստանի պարերի եւ սպորտային պարերի համահայկակն խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանը, ով չորսօրյա վարպետության դաս է անցկացրևել պարախմբի երեխաների հետ:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվել է Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Ջահը վառվել է նաեւ սփյուռքի հայաշատ կենտրոններում: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործի Հանրապետական մարզադաշտ:


© 2009 ARMENPRESS.am