Կամերային երաժշտական թատրոնը բացօթյա ներկայացումով զարդարեց մանուկների առօրյան

21:28, 22 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կամերային երաժշտական թատրոնը մանուկների առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով բացօթյա ներկայացում ցուցադրեց: Հուլիսի 22-ին Խանջյան փողոցի այգու տարածքում՝ «Լունապարկ»-ից ոչ հեռու, թատրոնի դերասանները մանուկներին ներկայացրին «Երեք խոզուկների նոր արկածները»: Հայտնի խոզուկների արկածները նոր տեսանկյունից ցուցադրող ներկայացման ռեժիսորը Սամսոն Ստեփանյանն է, իսկ սցենարի հեղինակն ու կոմպոզիտորը՝ Վահե Հայրապետյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց, որ թատրոնը բավականին ժամանակ վերանորոգման մեջ է:

«Մենք փորձում ենք չդադարեցնել ներկայացումները, դրա համար նախընտրեցինք հյուրախաղային այլընտրանքային ճանապարհ: Հյուրախաղերով եղանք Լեռնային Ղարաբաղում: Փնտրում ենք ելքեր, որպեսզի թատրոնն աշխատանքային ռիթմից դուրս չգա: Մեր խաղացանկի «Երեք խոզուկների նոր արկածները» ներկայացումը հետաքրքրությամբ ընդունվել է ծնողների և երեխաների կողմից: Առաջարկ եղավ ներկայացումը ցուցադրել բացօթյա պայմաններում»,- ընդգծեց Վարդան Գրիգորյանը:

Թատրոնի տնօրենի խոսքով՝ «Երեք խոզուկների նոր արկածները» բոլոր տարիքային խմբերի մարդկանց՝ ինչպես իրենք են նշում՝ 3-103 տարեկան անձանց համար է:

«Այն անդրադառնում է նաև մեր շոուբիզնեսում շատ տարածված հարցերի: Օրինակ՝ այն աստղերն, ովքեր մի փոքր հանրահայտ են դառնում, սկսում են դուրս գալ իրենց բուն կերպարից, փոխվում են: Աստղ դառնալուց հետո վայր ընկնել էլ կա: Ներկայացման մեջ մեր բոլոր երեք խոզուկներն անտառի աստղերն են, երգեր են գրել և, որպես աստղ, այլևս չեն ցանկանում իրար հետ ապրել: Իսկ գայլը երգ է գրում, փորձում նրանցից յուրաքանչյուրին ներկայացնել այն իմանալու համար՝ կհավանե՞ն, թե՝ ոչ: Բայց, որպես աստղեր, նրանք մերժում են, թեպետ իրենց դուր է գալիս: Բավականին արդիական թեմա է. մեր ստեղծագործող երիտասարդներին էլ հաճախ կոտրում են»,- նկատեց Վարդան Գրիգորյանը:


© 2009 ARMENPRESS.am