ԵԱՏՄ երկրները դրական են վերաբերվում Սիրիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը

15:23, 21 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բանակցություններ են վարում արաբական հանրապետության` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատ առեւտրի գոտուն (ԱԱԳ) միանալու հնարավորության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալքին:

Այդ առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հայտարարել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրները դրական են վերաբերվում միության հետ Սիրիայի միջեւ ԱԱԳ ստեղծելու վերաբերյալ բանակցությունների անցկացմանը:  

«Այժմ մենք անհամբերությամբ սպասում ենք Սիրիայում քաղաքական իրադրության կայունացմանը, որպեսզի սկսենք այդ բանակցությունները», -գործակալությանը հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը:

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը 2015 թվականի հունվարի 1-ին ստեղծվել է ՌԴ, Ղազախստանի եւ Բելոռուսի Մաքսային միության բազայի վրա: ԵՏՄ անդամ է նաեւ Հայաստանը: ԵԱՏՄ մտնելու գործառույթ է անցնում Ղրղզստանը: Միությունը ենթադրում է ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժ:


© 2009 ARMENPRESS.am