Սփյուռքի նախարարությունում հյուրընկալել են Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին

15:19, 16 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հուլիսի 16-ին ընդունել է Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին՝ վարժարանի հայերեն ծրագրի պատասխանատու Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է. «Սիրելի´ երիտասարդներ, ուրախ եմ ողջունելու ձեզ Սփյուռքի նախարարությունում: Ցանկացած հայկական վարժարան, այդ թվում և «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը, մեզ համար սփյուռքի կարևորագույն կրթօջախներից է, որն ունի մեծ ավանդ սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության գործում»:

Սրապիոնյանը կարևորել է նաև Մհեր Գարագաշյանի դերը՝ երիտասարդների կապը մայրենի լեզվի և հայկական արմատների հետ ամուր պահելու գործում:

Այնուհետև վարժարանի սաները պատմել են Հայաստանում անցկացրած անմոռանալի օրերի և իրենց տպավորությունների մասին:

Հանդիպման ավարտին ներկաները դիտել են Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին տեսաֆիլմ:

«Սուրբ Հակոբ» ազգային  վարժարանը հիմնադրվել է 1974թ.-ին: Այն համարվում է Քվեբեկի 10 լավագույն դպրոցներից մեկը: Վարժարանում գործում է նաև մանկապարտեզ: Միջնակարգ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 700-ի:


© 2009 ARMENPRESS.am