ՌԴ նախագահը վերացրել է Ղրիմի հարցերով նախարարությունը

21:26, 15 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Ղրիմի հարցերով նախարարությունը վերացնելու առաջարկին, և հուլիսի 15-ին ստորագրել է Ղրիմի հարցերով նախարարության վերացման մասին հրամանագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

«Այդ նախարարությունն իր գործառույթներն արդեն ավարտել է և կառավարման համար նախատեսված միջոցների տնտեսման նպատակով անհրաժեշտ է վերացնել այդ նախարարությունը»,- ՌԴ նախագահի հետ հուլիսի 14-ին կայացած երկկողմ հանդիպմանն այսպիսի առաջարկով հանդես էր եկել Դմիտրի Մեդվեդևը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկում է Ղրիմի թերակղզու հետագա ինտեգրումը Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և իրավական համակարգ հանձնել ՌԴ ֆինանսների նախարարությանը: «Բացի այդ`ես առաջարկում եմ ստեղծել Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով կառավարական հանձնաժողով, որի ղեկավարությունը կարող է ստանձնել Ղրիմի հարցերով նախկին նախարար Օլեգ Սավելևը»,-շեշտել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:


© 2009 ARMENPRESS.am