Երևանում բացվեց տարածաշրջանային նշանակության լոգիստիկ կենտրոն

21:45, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Urban Logistic Services (ULS) ընեկրությունը Երևանում հիմնել է հսկայածավալ լոգիստիկ կենտրոն, որը Կովկասում եզակի է ծառայությունների մատուցման ծավալով։ Լոգիստիկ ծառայությունների համալիրը հնարավորություն է տալիս բիզնեսներին անվտանգ վայրում պահպանել բեռները, կազմակերպել դրանց փոխադրումը եւ բեռնաթափումը, փաթեթավորումն ու մակնշումը եւ այլն: Կենտրոնի բացմանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջեց պահեստներով և մյուս ենթակառուցվածքներով՝ ծանոթացալով ընկերության կատարած աշխատանքին։

Ընկերության գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանը հայտնեց, որ սկսած 2007 թ.-ից ULS-ը պահեստային լոգիստիկային վերաբերող մի շարք ծառայություններ է մատուցում, իսկ պահեստենրի կառուցումից հետո կկարողանան ընդլայնել ծառայությունների շրջանակը: «Այս տեսակ ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս, որ տնտեսությունում գործող ցանկացած սուբյեկտ, որը գործ ունի ապրանքների արտադրության հետ, ավելի ռացիոնալ կարողանա կառավարել իր ապրանքային պաշարները։ Այս ենթակառուցվածքներն օգտագործելով՝ բիզնեսը կարող է ունենալ խնայողություններ, որոնք կուղղվեն արտադրական հզորությունների ացելացմանը, այլ ոչ թե պահեստների կառուցմանը և լրացուցիչ այլ ծախսերի։ Գործարարի համար սա ավելի ձեռնտու է. օգտագործելով մեր պահեստային հզորությունները՝ նրանք տարբեր ծառայություններ են ստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պետրոսյանը։

Լոգիստիկ կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պետությունը ողջունում է նման ենթակառուցմածների ստեղծումը։ «Ապրանքների շրջանառության մեջ սա շատ կարևոր տարր է, և կարող է նպաստել ապրանքների ցածր ինքնարժեքի ձևավորմանը։ Այս կարգի ծրագրերը համահունչ են Հայաստանի ընդունած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերության ճյուղերի զարգացման ռազմավարությանը։ Այստեղ է ձևավորվում  այն մշակույթը, որ ապրանքները Հայաստանից կարտահանվեն արդեն այլ կարգավիճակով՝ ժամանակակից փաթեթավորված և ձևավորված»,- ընդգծեց նա։ Նախարարի խոսքով՝ կենտրոնը կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության ինտեգրմանը։

Urban Logistic Services ընկերությունը լոգիստիկ կենտրոնի ստեղծումը մեկնարկել է 2013 թվականից։ ULS-ը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ենթակառուցվածքներ և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։ Համալիրը  ունի 5 հազար քմ մակերեսով 15 պահեստային տարածքներ, 4500 խմ տարողությամբ 9 սառնարանային պահեստներ և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածք։ Ներկայումս այն համագործակցում է 100-ից ավելի ընկերությունների հետ, իսկ ապագայում նախատեսում է գործընկերների թիվը հասցնել 500-ի։


© 2009 ARMENPRESS.am