Հարավային Կորեայում հայ մարմնամարզիկը ոսկի է նվաճել

10:50, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկած 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) հայ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է առաջին մեդալը:

«Ուրախ լուր: Հարավային Կորեայում ընթացող 28-րդ ունիվերսիադայում մենք նվաճեցինք առաջին մեդալը՝ մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ) նվաճեց ոսկի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկել  են 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա): Իրադարձությանը Հայաստանը մասնակցում է 22 հոգանոց թիմով՝ 12 մարզիկ, 6  մարզիչ, 2 մրցավար և 2 այլ ներկայացուցիչ: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից մասնակցում է ուսանողական խաղերին: Հայկական պատվիրակությունը մրցելու է 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: 28-րդ  Համաշխարհային ուսանողական  մարզական խաղերը (Ունիսվերսիադա)  կավարտվեն հուլիսի14-ին: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:


© 2009 ARMENPRESS.am